Ցուցահանդեսներ

Տեսնել բոլորը
Mediamax-ի հոդվածը Ռոմեո Մելիքյանի մասին

Բիո

Ռոմեո Մելիքյանը (ծնվ. 1987, Բերդ, Տավուշ, Հայաստան) հայ ժամանակակից բազմաժանր արվեստագետ է, ով ստեղծագործում է գեղանկարչության, կոլաժի, քանդակի, ինստալացիայի և գրաֆիկայի ոլորտներում։ Նրա ստեղծագործությունները ուսումնասիրում են ուրբանիզացիայի, արդյունաբերական աշխարհի, հիշողության և ժամանակակից մարդու հոգեբանական վիճակի թեմաները՝ անդրադառնալով միայնության, օտարման և քաղաքակրթության թողած հետքերի գաղափարներին։

Մելիքյանի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, ԱՄԷ-ում, Լիբանանում, Սերբիայում, Սաուդյան Արաբիայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ 2019 թվականից նրա ստեղծագործությունները ներառված են Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի մշտական հավաքածուում և պահվում են բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Կարդալ ավելին

Ի՞նչ են ասում

Երբ տեսա Ռոմեո Մելիքյանի ստեղծագործությունները, ակամա հիշեցի փոփ-արտի արվեստագետ Ռենատո Վոլպինիին (1934-2017)՝ 20-րդ դարի Իտալիայի մեծագույն փորագրողներից մեկին, ով հայտնի է իրեն համբավ բերած ֆանտաստիկ արարումներով: Վոլպինիի նման, Մելիքյանը ևս ուսումնասիրում է տարբեր ժանրեր՝ գեղանկարչությունից մինչև քանդակ և կոլաժ, միաժամանակ պահպանելով իր ոճային ձեռագրի ընդհանուր թելը․ այն է՝ ստեղծագործություններ, որոնք միաժամանակ բնութագրվում են սպառնալից և մռայլ տիեզերական կանխագուշակության զգացումով և, հատկապես իր կոլաժներում, հեգնանքի որոշակի շեշտադրմամբ:

Ջանֆրանկո Գուցի, արվեստի խորհրդատու, Rigel Inc.

Հարթլենդ, Վիսկոնսին, ԱՄՆ, 2026

Գեղանկարիչ Ռոմեո Մելիքյանը բնությունից արդեն իսկ օժտված այն համարձակ արվեստագետներից մեկն է, որ հաստատուն ու համառ քայլերով, հաղթահարելով տարատեսակ դժվարություններ, համբերատարությամբ և նպատակասլացությամբ ստեղծում է բարդ, աշխարհընկալման ուրույն մոտեցումներով հագեցած կտավներ։ Արդեն իսկ «Միջադեպ քաղաքում» շարքը ցույց է տալիս, որ Ռոմեոն ստիպում է դիտորդին երևակայել, հաղորդակից դառնալ նկարչի յուրատեսակ աշխարհին։ Հիմնականում շենք-շինությունների և մարդկանց հոծ խմբերի հակադրությամբ, գեղանկարիչն ուժգին լարվածություն և դրամատիզմ է հաղորդում նկարներին, որն էլ ավելի ցայտուն կերպով է դրսևորվում հետագայում ստեղծված «Ամբոխը», «Մեր քաղաքում» և «Պայքար» շարքերում։ Այս կոմպոզիցիաներում պատկերված շինություններն ասես դատարկ են ու անկյանք և նմանվում են հսկա ուրվականների, որոնցից լռության ու տագնապի հոտ է փչում, բայց ամբոխի մեծ կուտակումները, որոնք եկել ու լցրել են այս անսովոր դատարկությունը, փորձում են մեզ վերադարձնել իրականություն։ Իսկ իրականությունն այստեղ ներքին պայքարն է ու մարդկանց հոգիներում կուտակված ընդվզումը։ Աշխատանքներին էլ ավելի սրություն հաղորդելու համար հեղինակն անորոշության մեջ է պահում տեղն ու ժամանակը՝ բարդ ու խրթին մտածմունքների մեջ թողնելով դիտողին։ Մելիքյանը զերծ չի մնացել նաև քանդակներ ստեղծելու գայթակղությունից։ Ռազմական «օբյեկտների» նմանվող «Պատերազմ» շարքում հիմնականում երկաթյա աշխատանքներ են՝ հրանոթներ, սուզանավեր և այլն, որոնք, ճիշտ է, կատարողական առումով բավականին պարզ են, բայց իրենց յուրօրինակ մտահղացմամբ և միշտ թարմ ասելիքով նորովի են ի հայտ բերում արվեստագետի դեռևս չբացահայտված գաղտնիքները։ Մեծ թիվ են կազմում նկարչի կոլաժները։ «Քաղաքի բնակիչները», «Տղամարդու դիմանկար» և «Կոմպոզիցիա» շարքերը խոսում են արվեստագետի յուրօրինակ մտածելակերպի, բացառիկ ճաշակի և գունածավալների ճշգրիտ համադրության մասին։ Վերջին շրջանի «Հակամարտություն» շարքի աշխատանքների համար որպես ֆոն է ծառայում աշխարհի քարտեզը կամ էլ, կարծես պատահականության սկզբունքով, այդ քարտեզից ինչ-որ հատված՝ հատկապես փոքրածավալ կտավներում։ Սրանցում Մելիքյանի հայտնագործած աշխարհն է՝ իր անվերջ թվացող և անհաղթահարելի հակամարտության խնդիրներով։ Այս քարտեզների մայրցամաքների վրա ազատորեն վերուվար անող զինվորների շարքերը, տարատեսակ զինտեխնիկայի կուտակումներն օդում, ջրում և ցամաքում չեն կարող անտարբեր թողնել և ոչ մի դիտողի։ Հեղինակն իր այս մոտեցմամբ ուզում է մարդկանց ուշադրությունը հրավիրել երկիր մոլորակի վրա ահագնացող չափերի հասնող պատերազմների վտանգներին։ ԵՒ հատկապես այս աշխատանքները դիտելուց հետո, կարծում եմ՝ բոլորովին սխալված չենք լինի, եթե ասենք, որ հանձինս Ռոմեո Մելիքյանի գործ ունենք բավականին լուրջ և ինքնատիպ, հիրավի շնորհալի արվեստագետի հետ, որն իր անհանգիստ ու անընդհատ շարունակվող փնտրտուքներով դեռ շատ անակնկալներ կպարգևի իր արվեստի, և ինչո՞ւ չէ, իսկական արվեստի գիտակներին...

Վարդան Վարդանյան, արվեստաբան

Երևան, Հայաստան, 2018

Աղետի ու քաոսի մեջ հանդարտություն ու հարմոնիա փնտրող արվեստագետ է Ռոմեո Մելիքյան նկարիչը։ Աբստրակտ ձևերի և մոնումենտալ անցումների մեջ իմ ուշադրությունը գրավում է առաջին հերթին ռեալիստական թեմատիկան։ Կյանքի էկզիստենցիան, ժամանակի էկզիստենցիան, կենսամերձ, ծայրահեղ իրավիճակների կանխազգացողությունը, ներկան կարծես ապագայից դիտարկելու հայեցողությունը։ Անհատական կերպարները մեզ են ներկայանում ասես «մենք»-ի կամ ամբոխի մեջ տարալուծված վիճակում, այնպես, որ ամբոխն է անձնավորվում, տարերքն է ստանում կարգավորվածություն և ներդաշնակ ձևեր։ Ռոմեոյի արվեստը կարելի է բնութագրել իբրև «ետճշմարտության դարաշրջանի» գեղարվեստ, երբ կյանքի ճիշտն ու սխալը խառնվել են իրար, երբ մարդը երկնչում (կամ գուցե սարսափում) է բուն ճշմարտության գաղափարից։ Լուսավոր, ապրեցնող լիցք ունեն այս պատկերները. այսքան շատ դետալներ և ոչ մի շատախոսություն, այսպիսի սրընթաց դինամիկա և սրտահաճո հանգրվաններ։ Այս պատկերները նույնիսկ ձայն ունեն. ես լսում եմ երկչոտ շշուկները, լսում եմ նաև խենթ աղաղակները, լսում եմ մարդկանց դիալոգները ամբոխի միջից... Կեցցե՛ս, Ռոմեո ջան՝ քո ինքնատիպ տաղանդով, կյանքի քո ընթերցումով և նորահայտ ասելիքով։

Վարդգես Դավթյան, արձակագիր, էսսեիստ

Լոս Անջելես, ԱՄՆ, 2021

Կարդալ բոլոր կարծիքները →