Ռոմեո Մելիքյանի աշխատանքների վերջին շարքը առանձնահատուկ է։ Ռոմեոն, կարծես, հայելի պահած լինի աշխարհի առաջ։ Սրանք ոչ այլ ինչ են, քան այսօրվա մեր իրականության պատկերը։ Աշխարհում չդադարող պատերազմների, տարերային իրադարձությունների, քաոսային իրավիճակների սրացման պահին Ռոմեոյի գործերը հաճախ եմ նայում։ Հետաքրքիր է, որ անասելի շատ հույզեր, լարվածություն, տարատեսակ զգացողություններ պարունակող, ներքին տրոփյուն ունեցող գործեր են, բայց միևնույն ժամանակ տարօրինակ հանդարտություն ու հանգստություն են փոխանցում։ Ռոմեո Մելիքյանը մեր աններդաշնակ կյանքում ներդաշնակություն է պատկերում։ Առհասարակ հայաստանյան իրականության մեջ, հայաստանյան կերպարվեստում Ռոմեոն այն քիչ նկարիչներից է, որ ստեղծագործում է եվրոպական շնչով, ոճով, մտածողությամբ։ Միշտ մտածում եմ, որ եթե ես մի օր, երբևէ, այս կողմերում ցուցահանդես անեմ (իսկ դա շատ իրատեսական միտք է), ապա մեկը հաստատ Ռոմեոյինը կլինի։ Ու վստահ եմ, որ կհաջողի ու կհետաքրքրի մարդկանց, քանի որ շատ այժմեական է, շատ արդիական է, շատ թարմ է... Աշխարհի զարկերակին համահունչ արվեստ է։
Ալիկանտե, Իսպանիա, 2025