Աղետի ու քաոսի մեջ հանդարտություն ու հարմոնիա փնտրող արվեստագետ է Ռոմեո Մելիքյան նկարիչը։ Աբստրակտ ձևերի և մոնումենտալ անցումների մեջ իմ ուշադրությունը գրավում է առաջին հերթին ռեալիստական թեմատիկան։ Կյանքի էկզիստենցիան, ժամանակի էկզիստենցիան, կենսամերձ, ծայրահեղ իրավիճակների կանխազգացողությունը, ներկան կարծես ապագայից դիտարկելու հայեցողությունը։ Անհատական կերպարները մեզ են ներկայանում ասես «մենք»-ի կամ ամբոխի մեջ տարալուծված վիճակում, այնպես, որ ամբոխն է անձնավորվում, տարերքն է ստանում կարգավորվածություն և ներդաշնակ ձևեր։ Ռոմեոյի արվեստը կարելի է բնութագրել իբրև «ետճշմարտության դարաշրջանի» գեղարվեստ, երբ կյանքի ճիշտն ու սխալը խառնվել են իրար, երբ մարդը երկնչում (կամ գուցե սարսափում) է բուն ճշմարտության գաղափարից։ Լուսավոր, ապրեցնող լիցք ունեն այս պատկերները. այսքան շատ դետալներ և ոչ մի շատախոսություն, այսպիսի սրընթաց դինամիկա և սրտահաճո հանգրվաններ։ Այս պատկերները նույնիսկ ձայն ունեն. ես լսում եմ երկչոտ շշուկները, լսում եմ նաև խենթ աղաղակները, լսում եմ մարդկանց դիալոգները ամբոխի միջից... Կեցցե՛ս, Ռոմեո ջան՝ քո ինքնատիպ տաղանդով, կյանքի քո ընթերցումով և նորահայտ ասելիքով։

Վարդգես Դավթյան, արձակագիր, էսսեիստ

Լոս Անջելես, ԱՄՆ, 2021